воскресенье, 15 апреля 2012 г.

Հայաստանում հաղթանակի արժանի քաղաքական ուժեր չկան

Լայն իմաստով Հայաստանում քաղաքական ուժ հասկացությանը փոխարինել է անձնական շահ +իշխանություն + լայն հնարավորություն հասկացությունը: Առաջին հայացքից թվում է թե այստեղ ամեն ինչ քաղաքականացված է: Իրականում Հայաստանում գերակշռում  է բարձր դիրքի հասնելու ձգտումը, որն էլ բացում է ճանապարհը դեպի վեր: Մարդը, լինելով հասարակական էակ, ունի նաև հասարակական գուրծունեություն ծավալելու  պահանջ: Սովորաբար այն դրսևորվում է անձնական բարեկեցության և նշանակալից եկամուտներ ձեռք բերելուց հետո: Այլ բան է թե ինչպես է արտահայտվում այդ հասարակական գործունեություն կոչվածը:
Քաղաքականության մեջ առավել հաճախ շրջանառվող գաղափարները  ժողովրդի համար, ժողովրդի անունից, ժողովրդի շահերից արտահայտվող դրույթներն են: Բոլորն էլ ժողովրդի անունից են խոսում:  Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն իրեն ներկայացնում է այն միակ <փրկիչը>, որ պետք է այսօր Հայաստանին: Հսականում եմ, որ մեր երկիրը շատ ծանր վիճակում է, բայց  Արմագեդոն չէ: Բոլորն էլ գիտեն , որ միայն մի փրկիչ կա, անունը՝ Հիսուս / նկատի ունեմ քրիստոնյա աշխարհը/:
Ինձ համար, որպես ընտրողի, դժվար է կողմնորշվել թե ով կամ ովքեր  են ցանկանում ու կարող են իրենց գործունեությունը ծառայեցնել ընդհանուրի շահին:
Ոչ թե քննադատի, այլ հասարակ քաղաքացու, ընտրողի աչքերով ուզում եմ տեսնել այն ուժը կամ ուժերը , ովքեր կարող են շտկել իմ երկրի կորացած մեջքը, բարիք ստեղծել՝ ոչ թե խոստանալ,աշխատատեղ բացել՝ոչ թե ողորմալ, բացել գործարաններ՝ ոչ թե դրամահավաք կազմակերպել: Մարդիկ արժանապատիվ աշխատանք, բարեկեցիկ , խաղաղ ստեղծարար կյանք են ուզում ու... արդար ընտրություն:
Անկախ նրանից ընտրություններն արդար կանցկացվեն թե ոչ, ես ինքս ուզում եմ արդար լինել իմ հանդեպ ու փորձել գտնել այն ուժը, ում օգտին պիտի տամ իմ ձայնը:

            Պե՞տք է արդյոք ևս մի հնարավորություն տալ ՀՀԿ-ին: Հինգ տարին բավական երկար ժամանակաշրջան էր, որ այսօր կասկած չհարուցեր նրա լինել- չլինելու հարցը : Եվս հինգը... իմաստ չունի: Դե նրանք հասկացել են ,որ պետք է փոխվել, բայց ուշացել են:
             Երբ պատկերացնում եմ ԲՀԿ-ին՝ որպես իշխանություն, անմիջապես պատկերացնում եմ տիրանիան Հին Հունաստանում, երբ ստորին խավերը ունևոր ու աչքի ընկնող մեկին տիրան են կարգում, իսկ վերջինս էլ նրանց զիջումներ է կատարում ու նվերներ բաժանում:
             Երբ ասում եմ ՕԵԿ, պատկերացնում եմ, որ կյանքում ամեն ինչ վաճառվում է, ինչպես կասեր Արթուր Մեսչյանը:
             ՀԿԿ, ծիծաղից մեռա, այսինքն պիտի մի լավ հետ գնանք, որ թափով առաջ գանք: Տեսնես իրենք իրենց հավատում են, թե ուրիշներն են հավատացրել, կամ էլ ո՞վ գիտի ինչ քաղաքական պատրանք է ստեղծվել մի ընտրազանգվածի չեզոքացնելու համար:
             Ինչպես կասեր Պարույր Սևակը՝ Ի՛մ տառապած, ամեն փորձի ու փորձանքի միջով անցած ու այդպես էլ քեզ չգտած, առանց ժառանգության մնացած Ժառանգություն: Ինչ գիտեմ միայն խոսում եք ու բողոքում...
             Միակ ազգային կուսակցությունը, որն իր ուսերին կրում է անցած փառավոր ուղին, որ միշտ առաջին տեղում տեսել է անկախ Հայաստանի շահը, հիասթափեցրեց իր գործունեությամբ: Ինչու՞ է ուզում ընտրվել ՀՅԴ- ն : Ընտրվել էր էլի, իսկ ի՞նչ արեց , դուրս եկավ կառավարությունից, բողոքողները քիչ էին՝  ինքն էլ սկսեց: Կառուցողական ընդդիմությու՜ն ... ու  ի՞նչ ստացանք:
             ՀԱԿ,  նույնիսկ  անիմաստ է խոսելը:
             Կարծում եմ երկուսն էլ կան, բայց սաղերն ինչ արեցին, որ կաղերն ինչ անեն:
Իսկ ի՞նչ անեմ ես, ու՞մ ընտրեմ, երանի նրանց ովքեր համոզված կուսակցական են:
Ես համոզված հայ եմ, գիտեմ ինչ անել, երբ խոսքը թշնամուն է վերաբերում, իսկ երկրիս ներսում մաքրության եմ ձգտում:


понедельник, 2 апреля 2012 г.

Նախընտրական սև հումոր

Խելքի աշեցեք

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։

Դերերում՝
 Ճնճղուկ -- < Ժառանգություն>
Բազե --- <ՀՀԿ-ն իր երիտթևով>


Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։
                                  Դերերում՝ Հավ -- Րաֆֆի Հ.
                                                    Սագ --   Գագիկ Ծ.

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։
                                 Դերերում՝  Հորթ  -  Տարոն Մարգարյան         
                                                    Գոմեշ --  Գեղամյան 

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։
                                     Դերերում՝ Գառներ - արծիվներ
                                                        Աքլոր - Խաչիկ Ասրյան

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։
                                       Դերերում՝Երեխա - Արամ Սարգսյան
                                                         Գաճաճ մուկ -  Արթուր Բ.
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։
                                        Դերերում՝ Ուրացող- ձայնը ծախած
                                                                                     ընտրող
                                                          Կույրը - հիմարաբար ընտրող
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք.
                                          Դերերում՝ Ձին ու Ջորին - ՀՀԿ և ԲՀԿ
                                                             Էշ --      ճիշտ մտածեցիք  

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։
                                            Դերերում՝  Ժլատ   -  Լևոն
                                                                Ուրիշ -    ըհը
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
                                             Դերերում՝Քաղաք - Երևան
                                                               Վանք -  ՍԱՍ
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։
                                           Դերերում՝ Նապաստակ - ՀԱԿ
                                                              Առյուծ -- ՀՀԿ

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։          
                                           Դերերում՝ Համբակներ - Շուշան և այլք
                                                              Բանաստեղծ -  Realist blog
                                                                                                    
                                                                                        

четверг, 29 марта 2012 г.

Տգեղ աղջիկներ չկան, բայց գեղեցիկ են այն աղջիկները, ում սիրում են

Վարդգես Պետրոսյանի խոսքերն են, մի քիչ վիճելի, բայց ...
Իսկ ի՞նչն  է գեղեցկության չափանիշը, ինչո՞վ են առաջնորդվում մարդիկ տարբերակելու համար գեղեցիկն ու տգեղը...
Կա՞ արդյոք գեղեցկության էտալոն: Չէ՞ որ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է գեղեցկության մասին պատկերացումները:Պատմական տարբեր ժամանակներում ևս կնոջ գեղեցկության ըմբռնումը տարբեր է եղել...
Ի՞նչ է տեղի ունենում այսօր: Մեզ <<պարտադրում>> են կնոջ համաշխարհային իդեալ, որին հասնելու համար շա՜տ աղջիկներ են դեպի կործանում գնում:Մինչդեռ մարդուն աստված արարել է ապրելու, կյանքը վայելելու, ոչ թե ցուցադրության նմուշ դառնալու համար:
Ինչևէ, շեղվեցի:
 Մ...ն չէր կարողանում ազատվել հոգեբանական այն բարդույթից, որ ինքը տգեղ է, շա՜տ տգեղ, չէ՞ որ փոքր քույրն էլ շպրտեց երեսին՝ ինչ էլ գեշն ես: Իսկ նրան օրը տասը տղա է զանգում: Նա հաճախ է գալիս այս այգին, նստում ու անրջում, երազում մեծ սիրո մասին:Բայց չէր կարողանում մտքից հանել այն երեկոն...
...Ոսկե աշնան երեկո էր դպրոցում: Հրաշալի տրամադրություն էր դահլիճում, խաղ էին խաղում՝<<Գրությունը տուր այն աղջկան...,կամ տուր այն տղային...>>: Տղաներից մեկը կարդաց՝ վարդը տուր այն աղջկան, ով ամենագեղեցիկն է: Նա մոտեցավ աղջիկների խմբին ու շրջելով բարձր-բարձր ասում էր՝ դու չէ, դու էլ չէ...., չէ դու գեշ ես, ասաց, երբ անցնում էր  իր մոտով, հետո վարդը տվեց ինչ-որ մեկին ու գոհ հեռացավ: Խաղը շարունակվեց, ուրախ տրամադրությունը ոչնչով չէր փոխվել, բայց ոչ ոք չտեսավ թե ինչպես ալեկոծվեց իր հոգին:
Համալսարանում կյանքը հոսում է միօրինակ, թեև ինքը մեծ նպատակներ է դրել իր առջև՝ շարունակել կրթությունը, հասնել բարձունքների, բայց հոգու խորքում զգում է, որ իր երջանկությունը սիրո և ընտանիքի մեջ է տեսնում:
-Բարև սիրուն ջան, ի՞նչ կա, դեմ չե՞ս մի քիչ շփվենք ...
Նայեց՝ առջևում մի երիտասարդ էր կանգնած ու լայն ժպիտով իրեն էր նայում: Կանգնեց, անսպասելիությունից շփոթված քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց և արագ, համարյա վազելով հեռացավ: Տուն հասնելուն պես մոտեցավ հայելուն, մազերն արձակեց, սկսեց ետ ու առաջ քայլել, սեթևեթել, բայց կարծես թե էդքան էլ տգեղ չեմ, հը՞,կարելի է դիմել կոսմետոլոգի....
 Կանգառում երթուղայինի էր սպասում, այնքան էլ մարդ կար սպասող: Թիկունքից մեկը գրկեց Մ....ի ուսերը ու  ծիծաղեց՝ չճանաչեցի՞ր:
Մ....ն շրջվեց,մի պահ լուռ նայեց նախկին դասընկերոջն ու...շը՜րխկ, շռնդալից ապտակն իջավ երիտասարդի զարմացած դեմքին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ չնկատեց ինչպես արագ ոտքով տուն հասավ: Աչքերը երջանկությունից փայլում էին, իսկ երիտասարդը...
Երբեմն մարդիկ չեն գիտակցում թե իրենց անտեղի արտասանած մի հատիկ բառը ինչպիսի խորը ցնցում կարող է առաջացնել ուրիշի հոգում...

суббота, 24 марта 2012 г.

ՈՒ այսպես էլ իներցիայով ապրում ենք


   Նկատե՞լ եք մեր հասարակության  հիմնական զանգվածն ինքնահոսի է մատնված: Ավելի ճիշտ ֆիզիկայի մեջ մի լավ տերմին կա դրա համար՝ իներցիա: Հիմնականում այն ինչ մենք անում ենք պարտադրված է՝ մեր կողմից, հասարակության կողմից, իշխանությունների կողմից: Սկզբում միջնակարգ կրթություն / հիմա արդեն ավագ դպրոց /, մեծ մասամբ հըլը էդ թող ըլնի, հետո կտեսնենք տարբերակով, ու դնում ենք <<птичка>>: Հետո՝ ԲՈՒՀ, ումի՞ց եմ պակաս կամ դե պետք կգա, ասենք տնտեսագետի դիպլոմը՝ սերիալում նկարահանվելու, կամ <<Vitamin>>  ակումբում աշխատելու համար: Մի <<птичка>> էլ այստեղ: Այնուհետև ընտանիք, երեխա... նույն տարբերակով, կապ չունի աշխատանք ունես, թե՝ ոչ, բնակարանային- կենցաղային պայմաններ կան , թե՝ ոչ...
         Անկախ Հայաստանը մի պահ նոր հույզեր ու նոր հույսեր արթնացրեց մեր մեջ: Առաջին <<птичка>>-ները դրեցինք ռոմանտիզմի վերելքի պայմաններում: Կոմունիստների գաղափարներից վերջինը՝ ամենաչաղավաղվածը, իր դրսևորումը գտավ մեր երկրում.  
 << Մարդը մարդուն բարեկամ է, ընկեր և եղբայր>>: Հետո ծանր քնից արթնացածի նման սուզվեցինք մտորումների անհուն օվկիանում՝ մեղադրանքներ, արդարացումներ,երկարատև անկումներ, կարճատև վերելքներ...
         Իսկ ե՞րբ է գալու ա՛յն ժամանակը, ընտրելո՛ւ ժամանակը, մի՞թե կյանքը պիտի անցնի այդպես էլ ընտրություն չկատարելով: Նայելով այդ <<ցուցակներին>>, ձեր մեջ դեռ ցանկություն կա՞ <<птичка>> դնելու, էլ չեմ ասում ընտրություն կատարելու:

вторник, 20 марта 2012 г.

Ո՞վքեր են մեղավոր արտագաղթի համար կամ բաց նամակ պարոն Աշոտյանին

      Հայաստանի Հանրապետության փոքր բնակավայրերի կամ քաղաքների  փոքր թաղամասերի դպրոցներում աշակերտների թիվը գնալով պակասում է: Բայց ինչու՞ միայն նշված վայրերում: Ամբողջ երկրում նույն իրավիճակն է, սակայն այլ է խնդիրը փոքր բնակավայրերում:
      Իսկ ի՞նչն է աշակերտների թվի նվազման պատճառը: Պատասխանը պարզ է՝արտագաղթը, ներքին միգրացիան և բնական աճը: Եվ ի՞նչ... կրթության նախարարությունն ասեմ, թե՞ կառավարությունը, գտել են ելքը .  որպեսզի միանման չֆինանսավորվեն ծանրաբեռնված և քիչ ծանրաբեռնված դպրոցները, մտցվել է աշակերտ - թվով ֆինանսավորման համակարգ: Խելացի որոշում, բա պետության փողերը քամու՞ն տան  մի - երկու աշակերտի համար: Արդյունքում նշված դպրոցներում ուսուցիչների վարձատրությունը տատանվում է 80-50 տոկոսի միջև:
Աշխատանքային օրենսգրքում կա՞ արդյոք նման հոդված, որ նույն աշխատաժամանակով աշխատող, սակայն քիչ աշակերտ ունեցող դասարանում ուսուցիչը պետք է վարձատրվի ավելի ցածր:
      Ճիշտն ասած իմ հարցադրումն այլ է...
Ստացվում է այնպես, որ արտագաղթի համար մեղավորը ուսուցիչն է և համապատասխան պատիժն էլ հենց ստանում է ուսուցիչը: Իսկ Կրթության ու գիտության նախարա՞րը, ինչու՞ նույն սկզբունքը չի գործում նաև նրա վերաբերյալ: Աշակերտների թիվն ամբողջ Հայաստանում չի՞ պակասել... ինչու՞ նախարարի աշխատավարձը չի նվազում 80-50 տոկոսով: Նույն սկզբունքով նաև պատգամավորների ու մնացած բոլոր նախարարների աշխատավարձերը:
        Բացի այդ դպրոցներում առանձնապես չի խրախուսվում Սերգո Երիցյանի ժամանկների <<կուլակաթափությունը>>, ձեռնտու չէ ուսուցիչների կրճատումը, չէ՞ որ նրանք կհամալրեն գործազուրկների ահռելի բանակը...

суббота, 17 марта 2012 г.

Ի՞նչ է կոռուպցիան, որո՞նք են Հայաստանում կոռուպցիա ծնող պատճառները

                                                                                      Հիշու՞մ  եք որևէ կոռուպցիոն   իրավիճակ, որին մասնակից եք եղել:
       Իսկ գիտե՞ք  որ երևույթներն են  համարվում կոռուպցիա...

      ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես.    << անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում>>:

  
Հայաստանում առավել հաճախ  հանդիպող դրսևորումներն են.
1. կաշառք ստանալը
2. կաշառք տալը
3. կաշառքի միջնորդությունը
4. յուրացումը և հափշտակությունը
5. շորթումը
6. նեպոտիզմը
7. կլիենտիզմը
8. թողտվությունը
9. պաշտոնական լիազորությունները չարաշահելը
10. պաշտոնական կեղծիքը
       Կոռուպցիան դիտարկվում է երկու մակարդակներում.
ստորին ---  վարչական
վերին    ---   էլիտար:
      Մեծ վտանգ է ներկայացնում էլիտար կոռուպցիան: Այն խելացի է, կրթված, հարուստ և իշխող, նրա հիմնական խնդիրը թաքնված մնալն է, և եթե էլիտար կոռուպցիայում կատարվում են մերկացման դեպքեր / ինչը վերջերս նկատելի է մեր երկրում /, ապա միայն ինչ-որ մեկից ազատվելու համար:
      Պատրա՞ստ ենք արդյոք մենք՝ հայերս, պայքարելու Հայաստանում ահռելի չափերի հասած կոռուպցիոն դրսևորումների դեմ...
       Իսկ որո՞նք են կոռուպցիա ծնող պատճառները:
 / Հետաքրքիր է թե ինչպես կդասակարգի մեր երկրի քաղաքացին  հետևյալ պատճառները /
Իմ կարծիքով.
1.Իրավագիտակցության և բարոյագիտակցության ցածր մակարդակը
2. Քաղաքացիների պասիվ մասնակցությունը հակակոռուպցիոն գործունեությանը / գեղ կանգնի՝ գերան կկոտրի /
3. Հասարակության անորոշ ու հակասական վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ
4. Ոչ հստակ և անընդհատ փոփոխվող օրենսդրությունը
5. Անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ
6. Անպատժելիությունը
7. Ցածր աշխատավարձը
8. Պետության դերի խաթարումը
9. Գործազրկությունը
10. Երկարատև պաշտոնավարումը  և այլն...
       Իսկ հնարավո՞ր է արդյոք նվազեցնել կոռուպցիայի մասշտաբները Հայաստանում:
Այս հարցի պատասխանը, կարծում եմ, կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեզանից յուրաքանչյուրը՝ իր կատարած ընտրությամբ: