четверг, 29 марта 2012 г.

Տգեղ աղջիկներ չկան, բայց գեղեցիկ են այն աղջիկները, ում սիրում են

Վարդգես Պետրոսյանի խոսքերն են, մի քիչ վիճելի, բայց ...
Իսկ ի՞նչն  է գեղեցկության չափանիշը, ինչո՞վ են առաջնորդվում մարդիկ տարբերակելու համար գեղեցիկն ու տգեղը...
Կա՞ արդյոք գեղեցկության էտալոն: Չէ՞ որ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է գեղեցկության մասին պատկերացումները:Պատմական տարբեր ժամանակներում ևս կնոջ գեղեցկության ըմբռնումը տարբեր է եղել...
Ի՞նչ է տեղի ունենում այսօր: Մեզ <<պարտադրում>> են կնոջ համաշխարհային իդեալ, որին հասնելու համար շա՜տ աղջիկներ են դեպի կործանում գնում:Մինչդեռ մարդուն աստված արարել է ապրելու, կյանքը վայելելու, ոչ թե ցուցադրության նմուշ դառնալու համար:
Ինչևէ, շեղվեցի:
 Մ...ն չէր կարողանում ազատվել հոգեբանական այն բարդույթից, որ ինքը տգեղ է, շա՜տ տգեղ, չէ՞ որ փոքր քույրն էլ շպրտեց երեսին՝ ինչ էլ գեշն ես: Իսկ նրան օրը տասը տղա է զանգում: Նա հաճախ է գալիս այս այգին, նստում ու անրջում, երազում մեծ սիրո մասին:Բայց չէր կարողանում մտքից հանել այն երեկոն...
...Ոսկե աշնան երեկո էր դպրոցում: Հրաշալի տրամադրություն էր դահլիճում, խաղ էին խաղում՝<<Գրությունը տուր այն աղջկան...,կամ տուր այն տղային...>>: Տղաներից մեկը կարդաց՝ վարդը տուր այն աղջկան, ով ամենագեղեցիկն է: Նա մոտեցավ աղջիկների խմբին ու շրջելով բարձր-բարձր ասում էր՝ դու չէ, դու էլ չէ...., չէ դու գեշ ես, ասաց, երբ անցնում էր  իր մոտով, հետո վարդը տվեց ինչ-որ մեկին ու գոհ հեռացավ: Խաղը շարունակվեց, ուրախ տրամադրությունը ոչնչով չէր փոխվել, բայց ոչ ոք չտեսավ թե ինչպես ալեկոծվեց իր հոգին:
Համալսարանում կյանքը հոսում է միօրինակ, թեև ինքը մեծ նպատակներ է դրել իր առջև՝ շարունակել կրթությունը, հասնել բարձունքների, բայց հոգու խորքում զգում է, որ իր երջանկությունը սիրո և ընտանիքի մեջ է տեսնում:
-Բարև սիրուն ջան, ի՞նչ կա, դեմ չե՞ս մի քիչ շփվենք ...
Նայեց՝ առջևում մի երիտասարդ էր կանգնած ու լայն ժպիտով իրեն էր նայում: Կանգնեց, անսպասելիությունից շփոթված քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց և արագ, համարյա վազելով հեռացավ: Տուն հասնելուն պես մոտեցավ հայելուն, մազերն արձակեց, սկսեց ետ ու առաջ քայլել, սեթևեթել, բայց կարծես թե էդքան էլ տգեղ չեմ, հը՞,կարելի է դիմել կոսմետոլոգի....
 Կանգառում երթուղայինի էր սպասում, այնքան էլ մարդ կար սպասող: Թիկունքից մեկը գրկեց Մ....ի ուսերը ու  ծիծաղեց՝ չճանաչեցի՞ր:
Մ....ն շրջվեց,մի պահ լուռ նայեց նախկին դասընկերոջն ու...շը՜րխկ, շռնդալից ապտակն իջավ երիտասարդի զարմացած դեմքին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ չնկատեց ինչպես արագ ոտքով տուն հասավ: Աչքերը երջանկությունից փայլում էին, իսկ երիտասարդը...
Երբեմն մարդիկ չեն գիտակցում թե իրենց անտեղի արտասանած մի հատիկ բառը ինչպիսի խորը ցնցում կարող է առաջացնել ուրիշի հոգում...

суббота, 24 марта 2012 г.

ՈՒ այսպես էլ իներցիայով ապրում ենք


   Նկատե՞լ եք մեր հասարակության  հիմնական զանգվածն ինքնահոսի է մատնված: Ավելի ճիշտ ֆիզիկայի մեջ մի լավ տերմին կա դրա համար՝ իներցիա: Հիմնականում այն ինչ մենք անում ենք պարտադրված է՝ մեր կողմից, հասարակության կողմից, իշխանությունների կողմից: Սկզբում միջնակարգ կրթություն / հիմա արդեն ավագ դպրոց /, մեծ մասամբ հըլը էդ թող ըլնի, հետո կտեսնենք տարբերակով, ու դնում ենք <<птичка>>: Հետո՝ ԲՈՒՀ, ումի՞ց եմ պակաս կամ դե պետք կգա, ասենք տնտեսագետի դիպլոմը՝ սերիալում նկարահանվելու, կամ <<Vitamin>>  ակումբում աշխատելու համար: Մի <<птичка>> էլ այստեղ: Այնուհետև ընտանիք, երեխա... նույն տարբերակով, կապ չունի աշխատանք ունես, թե՝ ոչ, բնակարանային- կենցաղային պայմաններ կան , թե՝ ոչ...
         Անկախ Հայաստանը մի պահ նոր հույզեր ու նոր հույսեր արթնացրեց մեր մեջ: Առաջին <<птичка>>-ները դրեցինք ռոմանտիզմի վերելքի պայմաններում: Կոմունիստների գաղափարներից վերջինը՝ ամենաչաղավաղվածը, իր դրսևորումը գտավ մեր երկրում.  
 << Մարդը մարդուն բարեկամ է, ընկեր և եղբայր>>: Հետո ծանր քնից արթնացածի նման սուզվեցինք մտորումների անհուն օվկիանում՝ մեղադրանքներ, արդարացումներ,երկարատև անկումներ, կարճատև վերելքներ...
         Իսկ ե՞րբ է գալու ա՛յն ժամանակը, ընտրելո՛ւ ժամանակը, մի՞թե կյանքը պիտի անցնի այդպես էլ ընտրություն չկատարելով: Նայելով այդ <<ցուցակներին>>, ձեր մեջ դեռ ցանկություն կա՞ <<птичка>> դնելու, էլ չեմ ասում ընտրություն կատարելու:

вторник, 20 марта 2012 г.

Ո՞վքեր են մեղավոր արտագաղթի համար կամ բաց նամակ պարոն Աշոտյանին

      Հայաստանի Հանրապետության փոքր բնակավայրերի կամ քաղաքների  փոքր թաղամասերի դպրոցներում աշակերտների թիվը գնալով պակասում է: Բայց ինչու՞ միայն նշված վայրերում: Ամբողջ երկրում նույն իրավիճակն է, սակայն այլ է խնդիրը փոքր բնակավայրերում:
      Իսկ ի՞նչն է աշակերտների թվի նվազման պատճառը: Պատասխանը պարզ է՝արտագաղթը, ներքին միգրացիան և բնական աճը: Եվ ի՞նչ... կրթության նախարարությունն ասեմ, թե՞ կառավարությունը, գտել են ելքը .  որպեսզի միանման չֆինանսավորվեն ծանրաբեռնված և քիչ ծանրաբեռնված դպրոցները, մտցվել է աշակերտ - թվով ֆինանսավորման համակարգ: Խելացի որոշում, բա պետության փողերը քամու՞ն տան  մի - երկու աշակերտի համար: Արդյունքում նշված դպրոցներում ուսուցիչների վարձատրությունը տատանվում է 80-50 տոկոսի միջև:
Աշխատանքային օրենսգրքում կա՞ արդյոք նման հոդված, որ նույն աշխատաժամանակով աշխատող, սակայն քիչ աշակերտ ունեցող դասարանում ուսուցիչը պետք է վարձատրվի ավելի ցածր:
      Ճիշտն ասած իմ հարցադրումն այլ է...
Ստացվում է այնպես, որ արտագաղթի համար մեղավորը ուսուցիչն է և համապատասխան պատիժն էլ հենց ստանում է ուսուցիչը: Իսկ Կրթության ու գիտության նախարա՞րը, ինչու՞ նույն սկզբունքը չի գործում նաև նրա վերաբերյալ: Աշակերտների թիվն ամբողջ Հայաստանում չի՞ պակասել... ինչու՞ նախարարի աշխատավարձը չի նվազում 80-50 տոկոսով: Նույն սկզբունքով նաև պատգամավորների ու մնացած բոլոր նախարարների աշխատավարձերը:
        Բացի այդ դպրոցներում առանձնապես չի խրախուսվում Սերգո Երիցյանի ժամանկների <<կուլակաթափությունը>>, ձեռնտու չէ ուսուցիչների կրճատումը, չէ՞ որ նրանք կհամալրեն գործազուրկների ահռելի բանակը...

суббота, 17 марта 2012 г.

Ի՞նչ է կոռուպցիան, որո՞նք են Հայաստանում կոռուպցիա ծնող պատճառները

                                                                                      Հիշու՞մ  եք որևէ կոռուպցիոն   իրավիճակ, որին մասնակից եք եղել:
       Իսկ գիտե՞ք  որ երևույթներն են  համարվում կոռուպցիա...

      ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես.    << անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում>>:

  
Հայաստանում առավել հաճախ  հանդիպող դրսևորումներն են.
1. կաշառք ստանալը
2. կաշառք տալը
3. կաշառքի միջնորդությունը
4. յուրացումը և հափշտակությունը
5. շորթումը
6. նեպոտիզմը
7. կլիենտիզմը
8. թողտվությունը
9. պաշտոնական լիազորությունները չարաշահելը
10. պաշտոնական կեղծիքը
       Կոռուպցիան դիտարկվում է երկու մակարդակներում.
ստորին ---  վարչական
վերին    ---   էլիտար:
      Մեծ վտանգ է ներկայացնում էլիտար կոռուպցիան: Այն խելացի է, կրթված, հարուստ և իշխող, նրա հիմնական խնդիրը թաքնված մնալն է, և եթե էլիտար կոռուպցիայում կատարվում են մերկացման դեպքեր / ինչը վերջերս նկատելի է մեր երկրում /, ապա միայն ինչ-որ մեկից ազատվելու համար:
      Պատրա՞ստ ենք արդյոք մենք՝ հայերս, պայքարելու Հայաստանում ահռելի չափերի հասած կոռուպցիոն դրսևորումների դեմ...
       Իսկ որո՞նք են կոռուպցիա ծնող պատճառները:
 / Հետաքրքիր է թե ինչպես կդասակարգի մեր երկրի քաղաքացին  հետևյալ պատճառները /
Իմ կարծիքով.
1.Իրավագիտակցության և բարոյագիտակցության ցածր մակարդակը
2. Քաղաքացիների պասիվ մասնակցությունը հակակոռուպցիոն գործունեությանը / գեղ կանգնի՝ գերան կկոտրի /
3. Հասարակության անորոշ ու հակասական վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ
4. Ոչ հստակ և անընդհատ փոփոխվող օրենսդրությունը
5. Անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ
6. Անպատժելիությունը
7. Ցածր աշխատավարձը
8. Պետության դերի խաթարումը
9. Գործազրկությունը
10. Երկարատև պաշտոնավարումը  և այլն...
       Իսկ հնարավո՞ր է արդյոք նվազեցնել կոռուպցիայի մասշտաբները Հայաստանում:
Այս հարցի պատասխանը, կարծում եմ, կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեզանից յուրաքանչյուրը՝ իր կատարած ընտրությամբ: